Չինաստանը 30 տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է բրինձ գնել Հնդկաստանից
Չինաստանը ձեռնամուխ է լինում Հնդկաստանից բրնձի ներմուծմանը վերջին երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ: Ինչպես դեկտեմբերի 2-ին հայտնել է The Hindustan Times պարբերականը, հնդկական բրնձի գնումներ սկսելուն ՉԺՀ-ին հարկադրել են 2020 թվականին այդ գյուղատնտեսական մշակաբույսի համաշխարհային արտահանման կրճատումը եւ հնդիկ արտահանողների ավելի ցածր գները:
«Ստորագրված համաձայնագրին համապատասխան Հնդկաստանը դեկտեմբերից մինչեւ փետրվար Չինաստանին կմատակարարի 100 հազար տոննա մանրացված բրինձ՝ մեկ տոննան 300 դոլար գնով»,- հրատարակությանը հայտարարել է Հնդկաստանի Բրինձ արտահանողների ասոցիացիայի նախագահ Քրիշնա Ռաոն:- Դրանք Չինաստանի կողմից հնդկական բրնձի առջին գնումներն են առնվազն 1990-ական թվականների սկզբից ի վեր, ապագայում դրանք կարող են ավելանալ»:
Հնդկաստանն աշխարհում բրնձի խոշորագույն արտահանողն է, իսկ Չինաստանը՝ դրա խոշորագույն ներմուծողը: Պեկինը տարեկան ներմուծում է շուրջ 4 միլիոն տոննա բրինձ, բայց նախկինում խուսափում էր գնումներ կատարել Հնդկաստանից՝ վկայակոչելով դրա որակի հետ կապված խնդիրները, նշում է The Hindustan Times-ը:
Չինաստանին բրնձի ավանդական մատակարարներն են Թաիլանդը, Վիետնամը, Մյանման եւ Պակիստանը, որոնք այս տարի կրճատել են արտասահմանին մատակարարումները եւ բարձրացրել արտահանական գները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ