Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվել է ծառայել բանակում
Սաուդյան Արաբիայում կանայք կարող են ծառայել բանակում: Նրանք պետք է լինեն 21-–40 տարեկան, հասակը 1,55 մետրից բարձր, և քաղաքացիական ծառայող չլինեն: Նախապայման է նաև Սաուդյան Արաբիայի քաղաքացիությունն ու միջնակարգ կրթությունը: Այս պահանջները բավարարելու դեպքում կանայք կարող են դիմել զինվորական ծառայության՝ գրում է Deutsche Welle-ն:
Ըստ դիտորդների՝ սա կարևոր իրադարձություն է մի երկրի համար, որտեղ մինչև 2018 թվականը կանայք իրավունք չունեին անգամ մեքենա վարել: Այժմ նրանց համար բացվում են կարիերայի բոլոր հնարավորությունները բանակի ցամաքային, նավատորմի և ռազմաօդային ուժերում: Բանակում կանայք կարող են հասնել նաև ավելի բարձր զինվորական կոչումների:
Սաուդյան Արաբիայի զինված ուժերում կանանց ծառայելու սկզբունքային որոշումը կայացվել է գրեթե երկուսուկես տարի առաջ՝ 2019-ի հոկտեմբերին: Ավելի վաղ թագավորության իշխանությունները կանանց համար արդեն բացել էին ճանապարհ դեպի ոստիկանություն և Ազգային գվարդիա, այժմ հերթը բանակինն է:
Չնայած քաղաքական ակտիվիստների ձերբակալություններն ու դատապարտումները երկրում շարունակվում են, վերջին տարիներին Սաուդյան Արաբիայում կանայք ավելի ու ավելի շատ իրավունքներ են ձեռք բերել՝ նշում է լրատվական գործակալությունը:
Կարծիքներ