Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից, նրա խափանման միջոցը փոխելու համար 15 միլիոն դրամ գրավը վճարվել է
ՊՆ նախկին նախարարը լրագրողների հետ կարճ զրույց է ունեցել ու նշել, որ պատրաստվում է ոտքով տուն գնալ:
«Մոտ է տունը, ընդամենը 500 մետր է»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ էր արձակվելու:
Դավիթ Տոնոյանը կալանքի տակ էր շուրջ երեք տարի՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։
Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:
Քրեական գործը ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ է։
Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում՝ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Կարծիքներ