Քննարկվել են հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների համագործակցության հեռանկարները
2024 թ․ հուլիսի 17-ին Մաշտոցյան Մատենադարանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի հայոց պատրիարքության, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության, Զմմառի պատրիարքական կղերի միաբանության, Վենետիկում Մխիթարյան միաբանության, Վիեննայի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչների և Մատենադարանի տնօրենության համատեղ քննարկումը:
Քննարկման ընթացքում արծարծվել են հոգևոր-ձեռագրական կենտրոնների համագործակցության խորացման, համատեղ գիտական հետազոտությունների, ձեռագիր հավաքածուների վերականգնման և թվայնացման միասնական օրակարգ ձևավորելու և դրանց իրականացման պետական աջակցության հնարավոր եղանակների և նախաձեռնության հեռանկարները։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հայերեն գրավոր ժառանգության պահպանման և հայագիտության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Նախարարը մեծապես արժևորել է հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների համագործակցությունը և այդ գործում Մատենադարանի նախաձեռնողականությունը՝ դրանք համարելով հայերեն գրավոր մշակույթի պահպանման կարևոր նախապայման։
Քննարկման արդյունքում հանդիպման մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Կարծիքներ