Վերսկսվել է ամերիկյան ժամանակավոր նավամատույցով մարդասիրական օգնության մատակարարումը Գազա
Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը վերսկսվել է ամերիկյան ժամանակավոր նավամատույցով։
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Այսօր Գազայի ժամանակով մոտավորապես ժամը 10:30-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը սկսել է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատվածի ափեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նավամատույցի շահագործման վերսկսումից ի վեր Գազայի բնակչությանը մատակարարվել է մոտ 492 տոննա բեռ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն մատակարարել է 1573 տոննա բեռ։
Հաղորդագրության համաձայն՝ սա աջակցություն է Միջազգային զարգացման գործակալության՝ Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչներին լրացուցիչ օգնություն տրամադրելու ծրագրին և ամբողջությամբ մարդասիրական բնույթ ունի: Այն ներառում է մի շարք երկրների և մարդասիրական կազմակերպությունների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նավամատույցը վնասվել է և կվերանորոգվի Իսրայելի Աշդոդ քաղաքում:
Կարծիքներ