Վրաստանի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերջին տվյալները

Վրաստանի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերջին տվյալները

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 1 024 406 ընտրող, որը կազմում է գրանցված ընտրողների 49,9%-ը՝ գրում է Aliq.ge-ն։

Նշվում է, որ Թբիլիսիում ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է գրանցված ընտրողների 47,7 տոկոսը՝ 478 642 ընտրող։

ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Նաթիա Իոսելիանիի խոսքով՝ որոշ դեպքերում արձանագրվել են ընթացակարգային թերություններ, սակայն դրանք պատճառ չեն դարձել դադարեցնելու քվեարկության գործընթացը։ Նա նաև նշել է, որ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների վերահաշվարկ կանցկացվի շուրջ 140 ընտրատեղամասում։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով՝ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող Նիկա Մելիան՝ «Միացյալ ազգային շարժում»-ից, ստացել է ձայների 44,4% (205,590 ձայն), Կախա Կալաձեն՝ «Վրացական երազանք»-ից՝ 55,6% (257,546 ձայն):

«Վրացական երազանքը» մեծամասնություն չի ունենա 6 խոշոր քաղաքների սակրեբուլոներում (ավագանի): ԿԸՀ-ի տվյալներով՝ ընդդիմությունը մեծամասնություն է ստացել Բաթումի, Զուգդիդիի, Մարտվիլիի, Չխորոծղուի, Ծալենջիխայի և Ռուսթավիի քաղաքային խորհուրդներում։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն, սակայն, հայտարարել է, որ սակրեբուլոներում, որտեղ իշխող ուժը մեծամասնական իշխանություն չունի, ավագանին կձևավորի սակրեբուլոյի մյուս անդամների հետ բանակցությունների արդյունքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում