Հունաստանում 79 մարդ է ձերբակալվել անտառային հրդեհների շրջանում հրկիզումների համար
Հունաստանում մոլեգնող անտառային հրդեհների ընթացքում հրկիզումների համար 79 մարդ է ձերբակալվել։ Երկրի քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը հայտարարել է, որ հրկիզողները նաև մի քանի փորձ են արել նոր հրդեհներ սկսել Պարնիտա լեռան վրա՝ Աթենքից հյուսիս-արևմուտք։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, Պարնիտայի լեռան հրդեհը տարածվել է Աթենքին հարող անտառում՝ սպառնալով ազգային զբոսայգուն։ Այդ հրդեհը մեկն է երկրում մոլեգնող հարյուրավոր հրդեհներից, որոնք այս շաբաթ առնվազն 20 մարդու կյանք են խլել։
Կիկիլիասը հայտարարել է, որ հրկիզողներին կբռնեն և պատասխանատվության կենթարկեն։
Ամռան ընթացքում Հունաստանում հաճախ են անտառային հրդեհներ լինում․ եղանակային ծայրահեղ պայմանների, այդ թվում՝ տապի ալիքների հաճախականության և ինտենսիվության աճը գիտնականները կապում են կլիմայի փոփոխության հետ։
Կարծիքներ