Սերգեյ Կոպիրկինը Շիրակի մարզում է
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունելով հյուրերին՝ մարզպետի տեղակալը անդրադարձել է համագործակցության ամրապնդմանը․ «Ուզում եմ փոխանցել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ողջույնները։ Մարզպետի անունից ուզում եմ նշել, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է ապակենտրոնացված համագործակցության, մինչ այժմ ձևավորվել են բարիդրացիական լուրջ հարաբերություններ և այդ բարեկամական փոխգործակցության արդյունքում իրականացվել են տարբեր ծրագրեր։ Այսուհետ ևս մենք պատրաստ ենք դրանց ամրապնդմանը միտված նախաձեռնությունների իրականացման»։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Մարտիկյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ չնայած բարդ ժամանակաշրջան է երկու երկրների համար, սակայն վստահ է, որ հայ-ռուսական դարավոր բարեկամությունն անխախտ է մնալու։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում համագործակցությանը, մասնավորապես կրթական, մարզական նախաձեռնություններին։
Կարծիքներ