Շարժումը մարում է, և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետո
Վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան տամ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
«Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասաց Պետրոսյանը։
Նա չցանկացավ այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա հրավիրվող մամուլի ասուլիսին։
Հիշեցնենք, որ hունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո հայտնի դարձավ, որ Սուրեն Պետրոսյանն անհետացել է։ Իրավապահ մարմիններն այնուհետև հայտնեցին, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ չկա Սուրեն Պետրոսյանը։
Բախումներից մեկ օր անց տեղեկություններ տարածվեցին, թե Պետրոսյանը կապ է հաստատել ընտանիքի հետ։
Արդեն հունիսի 14-ին Սուրեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ որևէ պայմանավորվածություն իր հետ չի կարող լինել:
«Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին:
Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր սկսած պայքարը շարունակվում է: Ես իմ ուղուց չեմ շեղվելու», - գրել էր նա:
Նույն օրը երեկոյան, արդեն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը ասել էր․ «Այս պահին շատ կարճ կասեմ, կխնդրեմ ըմբռնումով մոտենաք դրան։ Շատ երկար զրույց է եղել, բայց կարճ ու հստակ ասեմ՝ որևէ պայմանավորվածություններ, իմ անձի հետ կապված եմ ասում, այն էլ գործընթացներից դուրս, տեսականորեն անգամ չի կարող լինել։ Դրա վրա չի կարող ազդել վախեցնելու կամ այլ փորձեր»։
Նշենք, որ Հունիսի 17-ին Ժողովրդավարական համախմբում կուսակցության անդամ Հասմիկ Գաբրիելյանը Tert.am-ին տեղեկացրել էր, որ Պետրոսյանը Հայաստանում չէ, կվերադառնա հունիսի 18-ին և հանդես կգա հայտարարությամբ։
Կարծիքներ