Հռոմի ստատուտը չափազանց կարեւոր պաշտպանական շերտ է

Հռոմի ստատուտը չափազանց կարեւոր պաշտպանական շերտ է

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը ամբողջությամբ վավերացրել է Հռոմի ստատուտը: Թե ինչ է սա նշանակում մեզ համար, կփորձեմ պարզաբանել ստորեւ, մինչ այդ հիշեցնեմ դրա նախապատմությունը։

Հռոմի ստատուտը միջպետական պայմանագիր է: Այն ընդունվել է 1998-ին Հռոմում եւ հիմք դրել ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանի ստեղծմանը:

Պայմանագիրն ու Դատարանը ուժի մեջ են մտել եւ գործարկվել 2002-ին: Այս պահին Ստատուտի մաս է կազմում աշխարհի 123 երկիր:

Հիմա` ինչ է սա նշանակում մեզ համար, եւ ինչու է այն կարեւոր: Այս պահից սկսած, իսկ իրականում դեռեւս 2021-ից, երբ Հայաստանը ՄԱԿ-ին պաշտոնական նամակով տեղեկացրել է Ստատուտը ազգային մակարդակում ամբողջությամբ վավերացնելու մտադրության մասին, մեր պետության եւ քաղաքացիների դեմ իրականացված ռազմական եւ այլ հանցագործությունները կարող են եւ քննվելու են ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանում:

Մարդկության դեմ հանցագործությունները, ցեղասպանություններն ու էթնիկ զտումները կանխարգելելու եւ պատժելու գործառույթով օժտված միջազգային այս բարձրագույն մարմնին լիիրավ անդամակցելով՝ Հայաստանը, մի կողմից, ստանում է լրացուցիչ պաշտպանվածություն, մյուս կողմից` հատկապես վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ոճիրները Հաագա տանելու հստակ կարողություն եւ հնարավորություն:

Քանի որ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ այս տարի Հաագայի դատարանի վճռից հետո Ռուսաստանն ու Հայաստանում այդ երկրի շահերն անթաքույց պաշտպանող որոշ խմբեր շարունակում են կեղծ նարատիվներ տարածել առ այն, թե սա իբր արվում է, որպեսզի Պուտինին ձերբակալեն, հիշեցնեմ` Հայաստանը դեռ 2 տարի առաջ է սկսել այս գործընթացը, եւ այն որեւէ կապ չունի Պուտինի վերաբերյալ Հաագայի` 2023-ին կայացրած որոշման հետ:

Ավելին, այս որոշումը Հայաստանի ինքնիշխանության եւ քաղաքակիրթ աշխարհում մեր գործընկերության մակարդակը բարձրացնելուց զատ, նաեւ չափազանց կարեւոր պաշտպանական շերտ է լինելու:

Հույս ունեմ, որ ոչ շատ հեռու ապագայում տեսնելու ենք ադրբեջանի ռազմական հանցագործ գեներալների եւ սպաների վերաբերյալ դատական հայցերն ու դրանց հետեւելիք Հաագայի վճիռները, ինչի արդյունքում պատերազմ սկսելուց կամ այդ իրավիճակում իրենց վարքագծի մասով մեր հակառակորդներն առնվազն երկմտելու են:

Դե, իսկ Պուտինին Հայաստանում հաստատ չեն ձերբակալելու, Ստատուտին դեմ արտահայտվողները թող հանգիստ լինեն:

Aliqmedia.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում