Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում հունիս ամսին

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում հունիս ամսին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է հունիս ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը․

«Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն:

Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որը ամենաերկարն է տարվա ընթացքում: Հունիս ամսվա եղանակային ռեժիմի և տեղումների բաշխման էական առանձնահատկությունն է հանրապետության հյուսիսային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հարավային կեսում` ամսվա առաջին կեսին դեռևս զգալի է ցիկլոնների, մթնոլորտային ճակատների, ինչպես նաև ներզանգվածային պրոցեսների առկայությունը:

Ամսվա երկրորդ կեսին հանրապետության հարավային շրջանները գտնվում են մերձավոր արևելքի տաք օդային զանգվածների շրջանառության ներքո, որի հետևանքով տեղումների քանակը զգալիորեն պակասում է: Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում են ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ:

Հորդառատ անձրևները լեռնային շրջաններում պատճառ են հանդիսանում սելավների, որոնք կարող են տնտեսությանը զգալի վնաս հասցնել:

-Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22…+23°C:

-Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22…+23°C:

-Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +14…+16°C:

-Լոռու մարզում՝ +16…+18°C, Տավուշի մարզում՝ +18…+20°C:

-Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +22…+23°C, լեռնային շրջաններում` +14…+16°C:

-Սյունիքի հովտային շրջաններում +22…+25°C, նախալեռնային շրջաններում` +15…+17°C:

-Արցախում կանխատեսվում է +22…+25°C»,- ասված է հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում