Գործող իրավակարգավորումներով որևէ խոչընդոտ չկա, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածը դիմի և նրան կենսաթոշակ նշանակվի․ փոխվարչապետ

Գործող իրավակարգավորումներով որևէ խոչընդոտ չկա, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածը դիմի և նրան կենսաթոշակ նշանակվի․ փոխվարչապետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակային իրավունքն օրենքի ուժով ծագել է փախստականների կարգավիճակին հավասարեցված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ գործող իրավակարգավորումներով որևէ խոչընդոտ չկա, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված անձը դիմի և նրան կենսաթոշակ նշանակվի․ առկա են միայն ընթացակարգային խնդիրներ։

«Համապատասխան հաշվարկ պիտի լինի հիմքում, որ նշանակվի կենսաթոշակը, ինչպես ՀՀ օրենսդրությամբ է սահմանված։ Հիմա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերները նախագիծ են մշակում, որ առավել պարզեցված, այսինքն՝ մեր օրենսդրությունը պարզեցնելու կարգավորումներ ներառենք, որ այդ անցումը լինի շատ ավելի սահուն, քան յուրաքանչյուր հաշվարկման դեպքն է։ Առաջիկա շաբաթվա ընթացքում այդ փաթեթն էլ կվերջնականացնենք և հուսով եմ՝ կառավարության հաջորդ նիստում այդ կարգավորումների պարզեցումը կհաստատենք։ Դա թույլ կտա, որ հոկտեմբերի 25-ից, երբ իրենց տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, վերականգնենք օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքը՝ զուգահեռ այն աջակցությանը, որ հիմա տալիս ենք»,-ասել է փոխվարչապետը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք թոշակները ստանալու համար նրանք որևէ գործողություն պետք է կատարեն, Խաչատրյանը պատասխանել է, որ այն գործողությունները, որոնք պետք է կատարեին, եթե չպարզեցվեին ընթացակարգերը, գործող իրավակարգավորումներով կան։

«Եթե մեկը որոշել է այդ իրավակարգավորումներով առաջ շարժվել՝ դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, ապա որևէ խոչընդոտ չկա, որ գործող իրավակարգավորումներով նշանակվի այդ կենսաթոշակը։ Մեր կարգավորումների նպատակը նա է, որ հավաքական կարգավորում ձևավորենք, որ այդ անհատական դիմումները և վերահաշվարկների կարիքը մեղմենք, այսինքն՝ ընդհանուր առմամբ շատ ընթացակարգեր պարզեցնենք»,-հավելել է Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում