Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի ուղերձները Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության անընդունելիության վերաբերյալ. ՀՀ ԱԺ նախագահ
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:Ազգային ժողովից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը մեծապես կարեւորել է դեսպանի կատարած աշխատանքը, նրա ջերմ վերաբերմունքը մեր երկրին եւ մեր ժողովրդին, ինչի վկայությունն է նաեւ հայոց լեզուն սովորելու դեսպանի պատրաստակամությունը:
ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր է, եւ Հայաստանը շահագրգռված է բազմաբեւեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հստակ ուղերձները տարածաշրջանում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության անընդունելիության վերաբերյալ` երախտագիտություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա զինված հարձակման հետեւանքով ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների համար հատկացված 2 միլիոն ԱՄՆ դոլար անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրելու համար:
Կողմերն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորություններին: ԱԺ խոսնակը նշել է, որ առաջարկ է արվում Ճապոնիային եւս միանալ նախագծին: Նա նշել է նաեւ, որ Հայաստանն իր մասնակցությունը կունենա 2025 թվականին Օսակայում նախատեսվող էքսպոյին:
Հանդիպման ավարտին դեսպանը երախտագիտություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում խորհրդարանի հետ սերտ աշխատանքի համար` շեշտելով, որ սկսված ծրագրերը շարունակական են լինելու:
ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին մաղթել է հաջողություններ բոլոր հետագա ձեռնարկումներում:
Կարծիքներ