Սփյուռքահայ ուսուցիչներն ուսումնաճանաչողական այց են կատարել Թումո կենտրոն

Սփյուռքահայ ուսուցիչներն ուսումնաճանաչողական այց են կատարել Թումո կենտրոն

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում արդեն երկրորդ շաբաթն է՝ ընթացքի մեջ է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Բացի վերապատրաստման դասընթացներից՝ ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած ուսուցիչներն ուսումնաճանաչողական այցեր են կատարում մշակութային օջախներ և Հայաստանի առաջատար գիտաուսումնական կենտրոններ:

Սփյուռքահայ ուսուցիչներն արդեն հասցրել են այցելել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նրանց ներկայացվել են կենտրոնի գործունեությունը, ուղղությունները, ուսուցման փուլերը: Ընդգծվել է, որ Թումոյում դասավանդում են ոչ միայն Հայաստանի առաջատար մասնագետները, այլև աշխարհի տարբեր երկրներից և համալսարաններից հրավիրյալ մասնագետներ:

Գործունեության տասներեք տարիների ընթացքում Թումոյում սովորել է մոտ իննսուն հազար ուսանող. այս պահին ուսումնառում է մոտ քսանհինգ հազար ուսանող: Ամռան ամիսներին գործում է նաև Թումո ճամբարը՝ Երևանում և Դիլիջանում, որտեղ երկշաբաթյա ուսումնական ծրագրին կարող են մասնակցել նաև սփյուռքահայ երեխաները:

Տեղեկացվել է, որ մոտ ապագայում Թումո կենտրոններ կբացվեն Լոս Անջելես և Բեյրութ քաղաքներում:

Նշենք, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն իրականացվում են 7 տարբեր ծրագրերով, որոնց մասնակցում է շուրջ 60 ուսուցիչ՝ աշխարհի 14 երկրից: Ծրագիրը կտևի մինչև հուլիսի 26-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում