44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստը կապված է ՀՀ-ում ներքաղաքական գործընթացների հետ․ Զախարովա
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը կապված է Հայաստանում ներքաղաքական գործընթացների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով քննիչ հանձնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները, որոնք վերաբերվում էին ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությանը։
«Վստահ չեմ, որ մենք պետք է մեկնաբանենք ներքին բանավեճերը, բայց, իհարկե, բարձր մակարդակի գաղտնի բանակցություններն էլ իմ իրավասությունը չեն։ Դա մեր ավանդույթների մեջ չի մտնում և ֆունկցիոնալ պարտականությունը չէ։ Բայց որքան էլ ներքին բանավեճը թեժ լինի, կա ճշմարտություն՝ հենց ՌԴ-ն է կարողացել Ղարաբաղում հրադադարի հասնել 2020 թվականի աշնանը, և դա արձանագրված է թղթի վրա», - նշել Է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մեղավորների որոնման վրա, կամ գոնե այդ հարցը թողնել պատմաբաններին, այլ բարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման վրա:
Կարծիքներ