Այս ուստարում բուհ է ընդունվել 9729 դիմորդ. ամփոփվել են ընդունելության քննությունների արդյունքները

Այս ուստարում բուհ է ընդունվել 9729 դիմորդ. ամփոփվել են ընդունելության քննությունների արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է 2022-2023 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների արդյունքները, ամփոփիչ տվյալները, անդրադարձել հեռակա ուսուցմամբ ընդունելության կարգի փոփոխությանը:

2022-2023 ուստարվա բուհերի ընդունելության արդյունքներ, թվային տվյալներ

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանի իրազեկմամբ՝ 2022-2023 ուստարվա ընդունելության քննություններն ավարտվել են. ամփոփվել են հիմնական և լրացուցիչ փուլերը:

«Այս տարի ևս կիրառվել է «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքը, ինչը նշանակում է՝ դիմորդն առաջին փուլում հայտագրում է մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը: Դրական միավորներ հավաքած, սակայն հիմնական փուլը չհաղթահարած դիմորդներին լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը:

Այս տարի միասնական քննությունները բոլոր բուհերում սահմանված են եղել միասնական չափանիշներով՝ 2 միասնական քննության պարտադիր պահանջով, ինչպես նաև նույն մասնագիտությունների համար նույն մուտքային պայմաններով»,- ներկայացրել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:

Բանախոսը ներկայացրել է այս տարվա ընդունելության քննությունների ընդհանուր պատկերը՝ վիճակագրական տվյալներով: Բուհերին հատկացված էր 22.000 տեղ՝ պայմանավորված ՀՀ-ում գործող բուհերի լիցենզավորված տեղերի քանակով: Այս տարի հայտագրված դիմորդների թիվն էր՝ 13.887, որից միասնական քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար:

Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900՝ վճարովի, 258-ը՝ անվճար:

Ըստ բանախոսի՝ թափուր տեղերը հիմնականում ոչ պետական բուհերում են, որոնց հատկացված է եղել 7500 տեղ, որից համալրվել է 131-ը:

Լ. Գրիգորյանի գնահատմամբ՝ թափուր տեղերի թիվը պայմանավորված է նաև այս տարվա միասնական քննությունների 2 քննության պահանջով:

Թափուր տեղեր. ինչու շուկայում բարձր պահանջարկ ունեցող մասնագիտությունները գրավիչ չեն

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաշատ դիմորդների թվով առաջնագծում էին մի քանի հիմնական մասնագիտություններ՝ Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Հանրային կառավարում, Կիրառական մաթեմատիկա և այլն: Նախորդ տարվա համեմատ կրկին թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ ունեն, առաջնային են, սակայն ցածր գրավչություն ունեն և նույնիսկ անվճար տեղերի համար դիմողներ չեն եղել: Դրանք հիմնականում բնագիտական մասնագիտություններն են՝ Քիմիա, Աշխարհագրություն, Երկրաբանություն, Քիմիական տեխնոլոգիաներ»,- իրազեկել է Լուսինե Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հումանիտար-հասարակագիտական մասնագիտությունների ոլորտում ևս թափուր տեղեր կան: Նա առանձնացրել է Մանկավարժական համալսարանում Սուրդոմանկավարժություն, Մշակութաբանություն, Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ և այլ մասնագիտությունները:

Պատկերն ընդհանրական է գրեթե բոլոր բուհերի համար:

«Ագրարային համալսարանում այս տարի ընդունվել է 40 դիմորդ: Թափուր տեղերը գերակշռում են այնպիսի մասնագիտություններում, ինչպիսիք են՝ Մեքենասարքավորումների ճարտարագիտություն, Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն, Պարենամթերքի տեխնոլոգիա, Կենդանագիտություն և այլն»,- ասել է բանախոսը:

Տնտեսության կարիքների հիմքով՝ որոշակի վերլուծություններ են արվել Էկոնոմիկայի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում՝ տարորոշելու շուկայի պահանջարկը: Արդյունքում՝ թվարկված մասնագիտությունները պահանջված են, բայց դիմորդներին չեն գրավում:

Մյուս կողմից ԲՏԱ նախարարության հետ աշխատելիս պարզ է դառնում, որ չնայած այդ ոլորտում մեծաքանակ դիմորդների՝ բազմաթիվ աշխատատեղեր կան:

«Պատճառները առանձին չեն ուսումնասիրվել, բայց փորձում ենք այլ գերատեսչությունների հետ որոշակի վերլուծություն ունենալ՝ վեր հանելու դրանք, հասկանալու՝ ինչու թվարկված մասնագիտությունները չեն համալրվում: Հիմնական պատճառներից են իրազեկվածության ցածր մակարդակը, վերջնարդյունքների մասին հանրակրթական դպրոցներում տեղեկացվածության պակասը, բուհերի կրթական ծրագրերի մասին տեղեկության բացակայությունը: Այս առումով մեծ աշխատանք ունեն անելու թե՛ բուհերը, թե՛ գործատուները»,- ասել է բանախոսը:

Նա հավելել է, որ Ագրարարային համալսարանում, օրինակ, ենթակառուցվածքները բարելավվել են, կան նոր լաբորատորիաներ, սակայն ցածր իրազեկվածության պատճառով դիմորդները քիչ են:

Այն հարցին, թե արդյոք թափուր տեղերը պայմանավորված են բարձր վարձավճարներով, Գրիգորյանը տեղեկացրել է, որ էական բարձրացումներ չեն եղել՝ հատկապես բնագիտական մասնագիտություններում: Ի լրումն՝ նա նշել է, որ անցած տարվա համեմատ դիմորդների թիվն աճել է:

Ըստ Լուսինե Գրիգորյանի՝ այսօր կրթական քաղաքականության առանցքում է դպրոցներում մասնագիտական կողմնորոշմանն ուղղված գործընթացի իրականացումը, դպրոց-բուհ կապի ամրապնդումը՝ լուսաբանելու՝ ինչպիսի հնարավորություն է տալիս աշխատաշուկան տվյալ մասնագիտությամբ թեկուզ վարձատրության առումով: Նրա գնահատմամբ՝ հետագայում բարձր աշխատավարձ ունենալու մղումն է նաև կանխորոշում մասնագիտական ընտրությունը:

Այս իրավիճակում ԿԳՄՍ նախարարությունը շահագրգիռ դերում է: «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում», որը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում, մանրամասն նկարագրված է ներկա վիճակը և կրթության որակը բարելավող քայլերը: Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում դրան հետևելու է գործողությունների ծրագրի իրականացումն առանձին քայլերով և ժամկետներով:

Էկոնոմիկայի նախարարությունը ևս ռազմավարություն է մշակում՝ ուղղված տնտեսության և գյուղատնտեսության զարգացմանը, որտեղ դեր ունի նաև ԿԳՄՍ-ն:

Հեռակա ընդունելության կարգի փոփոխություն

Ըստ բանախոսի՝ ներկայացված նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվել է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ` առաջարկվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման (այդ թվում՝ համապատասխան կայքի միջոցով առցանց տարբերակով), ընդունելության քննությունների և մրցույթի անցկացման գործառույթը փոխանցել ԳԹԿ-ին։ Մինչ այս պահը քննությունն անցկացնում էր բուհը, հին կարգով նախատեսվում էր համագործակցություն ԳԹԿ-ի հետ, թեստերի բովանդակային մասով որևէ բան չի փոխվել, միայն կազմակերպչական հարցերում:

Փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, կազմակերպչական, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։ Նախորդ կարգավորումներով դիմորդները քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտերը և փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհում: Փոփոխությունները պայմանավորված են բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներով և միասնական մոտեցում ձևավորելու մոտեցմամբ:

Ակնկալվում է, որ նոր կարգավորումը գործընթացն առավել արդյունավետ և կանոնակարգված դարձնելու հնարավորություն կտա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում