Մեկնարկել է One Run միջազգային կիսամարաթոնի հայտերի ընդունման գործընթացը
2023 թվականի հունիսի 4-ին Երևանում կանցկացվի One Run միջազգային կիսամարաթոնը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով՝ armeniamarathon.org կայքում:
Հայաստանն առաջին անգամ է միացել այս նախաձեռնությանը: One Run-ի մեկնարկն ու վերջնարկը նախատեսված է Հանրապետության հրապարակում: Այն կընդգրկի Երևանի Նալբանդյան, Աբովյան, Տերյան, Իսահակյան և մի շարք այլ կենտրոնական փողոցները: Մրցաշարը միաժամանակ կանցկացվի Երևանում և ևս 5 երկրի 84 քաղաքում:
0-12 տարեկան մասնակիցները կհաղթահարեն 1 կմ, 13 տարեկան և բարձր մասնակիցները` 5 կմ, 16 տարեկան և բարձր մասնակիցները՝ 10 կմ, իսկ 18 տարեկան և բարձր մասնակիցները՝ 21,1 կմ վազքատարածությունը: 7 տարեկանից ցածր մասնակիցները կվազեն իրենց ծնողների ուղեկցությամբ:
Մասնակիցները կստանան մեդալներ, շապիկներ, վկայականներ և խրախուսական նվերներ:
Միջոցառումն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Հերոսների մրցավազք» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ: Միջոցառման շահառուն և բարեգործական գործընկերն է «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը:
Նշենք նաև, որ One Run կիսամարաթոնը 7 տարի շարունակ անցկացվել է միայն Ռուսաստանում և երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաժամանակյա մեկնարկով ամենախոշոր կիսամարաթոն:
Կարծիքներ