Բեյրութում փրկարարները չեն հայտնաբերել կյանքի նշաններ փլատակների տակ
Բեյրութում որոնողական աշխատանքները շարունակող փրկարարներն այդպես էլ չեն հայտնաբերել կյանքի նշաններ, հաղորդում է Reuters-ը։
Շուրջ 50 փրկարար եւ կամավոր՝ ներառյալ Չիլիից մասնագետների թիմը, երեք օր շարունակ փլատակների տակ որոնում էր ողջ մնացածներին, երբ սենսորը զգացել էր կյանքի նշաններ։
Սակայն որոնողական աշխատանքներն ապարդյուն էին։
«Խոսելով տեխնիկական լեզվով՝ կյանքի նշաններ չկան․․․ Մենք երբեք կանգ չենք առնում, քանի դեռ կա անգամ փոքր հույս։ Մենք կանգ չենք առնում մինչեւ աշխատանքի ավարտը»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չիլիից կամավորական խմբի ղեկավար Ֆրանցիսկո Լերմանդը։
Նա հավելել է, որ փրկարարներն ուսումնասիրել են շենքի փլատակների 95 տոկոսը, որի մերձակայքում ավելի վաղ սենսորները կյանքի նշաններ էին հայտնաբերել։
Իր հերթին Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ջորջ Աբու Մուսան հայտարարել է, որ շենքին, որտեղ տարվում են որոնողական աշխատանքներ, սպառնում եմ վերջնական եւ ամբողջովին փլուզում, եւ դա վտանգ է ներկայացնում փրկարարների թիմի համար։
Ավելի վաղ սենսորները Բեյրութում շենքի փլատակների տակ հայտնաբերել էին ենթադրյալ սրտի զարկեր եւ շնչառություն։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ փրկարարական ծառայությունները վերականգնել էին այդտեղ աշխատանքները։
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում պայթյուն էր որոտացել օգոստոսի 4-ին։ Հրդեհի պատճառով պայթել էր պահեստում երկար ժամանակ պահվող 2750 տոննա ամոնիաումի սելիտրան։ Զոհվել է շուրջ 190, վիրավորվել՝ ավելի քան 6 հազար մարդ, ավիրվել են հազարավոր բնակելի շենքեր։
Կարծիքներ