Երկրում խիստ արգելքներ և սահմանափակումներ չեն լինի. Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, չնայած այն բանին, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ամեն օր աճում է, երկրում խիստ սահմանափակումներ և արգելքներ չեն լինի: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Ինչպես նշել է Գախարիան, այժմ կառավարության գլխավոր առաջնահերթությունը տնտեսության շտապ վերականգնումն է:
«Վերջին ժամանակահատվածում վարակվածների թվի աճ է նկատվում, սակայն իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում և կառավարվում է: Այժմ մեր հիմնական խնդիրը վարակի հետ համակերպվելն է: Այստեղ ուզում եմ շեշտել, որ առաջին փուլում խիստ միջոցառումները՝ արտակարգ դրությունը մեր տասնյակ քաղաքացիների կյանքերը փրկելու և տնտեսությանը քիչ վնաս պատճառելու համար էր, քանի որ վարակի մասին ոչինչ չգիտեինք: Այժմ վարակի հետ կապված բավականին տեղեկացված ենք, ինչը թույլ է տալիս, որ նման թվերի պայմաններում շարունակենք սովորական ապրել»,- հայտարարել է Գախարիան:
Վարչապետը նշել է, որ Վրասանում խիստ, համակարգային սահմանափակումներ չեն նախատեսվում:
«Ուզում եմ ընդգծել, որ խիստ արգելքներ և սահմանափակումներ չեն լինի: Մեր քաղաքականության հիմնական բաղադրիչը նպատակային պայքարն է վարակի դեմ, սա կարող է ենթադրել լոկալ սահմանափակումներ, սակայն այնպիսի արգելքներ, որոնք սահմանվել էին առաջին փուլում, երկրում չեն կրկնվի»,- նշել է Գախարիան:
Վարչապետը վերջում կոչ է արել բնակչությանը պահպանել սոցիալական հեռավորությունը, հետևել հիգիենայի կանոններին և կրել դիմակ․ այս քայլերը հնարավորություն կտան ապրել վարակի հետ միասին և վերականգնել երկրի տնտեսությունը:
Կարծիքներ