Արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Փոփոխությամբ նախատեսվում է չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը՝ այն փոխարինելով կարանտինով։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 80 կողմ, 28 դեմ ձայներով։
«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն ավելի վաղ հայտարարել էին, որ նախագիծն անընդունելի է, քանի որ հակասահմանադրական դրույթներ է պարունակում՝ կապված մարդու իրավունքների հետ:
Նշենք, որ նախագիծը ներկայացրել էր արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը, որը հայտնել էր, որ եթե կառավարությունը կիրառի կարանտին, կարող են կիրառվել նաև ավելի խիստ միջոցառումներ, մասնավորապես, հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ:
Կարծիքներ