ՄԻՊ-ը եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգոստոսի 26-ին «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ընդունել է կազմակերպության ներկայացուցիչներին։
Այս մասին Թաթոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների իրավունքների պաշտպանությունը մեր մշտական ուշադրության կենտրոնում է: Մարդու իրավունքների պաշտպանի համար կարևոր է, որ Հայաստանում ապրող ազգությամբ եզդի մեր եղբայրներն ու քույրերը կարողանան արդյունավետ իրացնել իրենց իրավունքները՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու արժեքները»,- նշել է ՄԻՊ-ը:
Թաթոյանը տեղեկացրել է, որ արտակարգ դրության օրերին «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» Պաշտպանի ուղեցույցը հրապարակվել է նաև եզդիերեն այն հիմնավորմամբ, որ ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան իրենց առնչվող հարցերին ծանոթանալ ազգային լեզվով։
Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլլթանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին ոլորտում իրականացվող աշխատանքների համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներ իրականացնելուն առնչվող հարցեր։
Կարծիքներ