Չինական Tianwen 1 տիեզերական զոնդը Մարսի 2 նոր լուսանկար է ուղարկել Երկիր (լուսանկարներ)
Չինաստանի ազգային տիեզերական վարչությունն իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակել է Մարս մոլորակի երկու նոր պատկեր, որոնք արել է Tianwen 1 տիեզերական զոնդը:
Կադրերում Կարմիր մոլորակի մեծ մասը ստվերում է, իսկ լուսավորված կիսագունդը կիսալուսնաձև է:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ երկու պատկերներն էլ արվել են, երբ սարքը գտնվել է մոլորակի մակերեսից 11 հազար կիլոմետր հեռավորության վրա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2020-ի հուլիսի 23-ին Չինաստանը հայտարարել էր Կարմիր մոլորակը հետազոտելու իր առաջին առաքելության՝ Tianwen 1-ի հաջող մեկնարկի մասին:
Առաքելության հիմնական նպատակը մոլորակի վրա կյանքի հնարավոր նշաններ գտնելն է: Բացի այդ, մասնագետները ցանկանում են պարզել, թե արդյոք ապագայում Մարսի վրա պայմանները կարող են փոխվել, որպեսզի այն հարմար լինի մարդկանց բնակության համար:
Հիշեցնենք՝ Կարմիր մոլորակը միշտ էլ մարտահրավեր է նետել մարդկությանը: 1960 թվականից ի վեր Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, եվրոպական մի շարք երկրների, Ճապոնիայի և Հնդկաստանի կողմից ուղարկած առաքելությունների մեծ մասն ավարտվել էր անհաջողությամբ:
Կարծիքներ