Պատասխան երիտասարդ ԲՀԿ-ականի սպառնալիքին
Այսօր մեր լրատվականին անդրադարձել է, նույնիսկ դատական գործընթացով սպառնացել է ֆեյսբուքյան օգտատեր Լիաննա Մանուկյանը: Օրիորդը մտահոգ է, որ Freenews-ի երեկ հրապարակած «Աշակերտները դասի փոխարեն, դատարանի դիմաց աջակցում են Ծառուկյանին» նյութը կարող է ապակողմնորոշել մեր ընթերցողներին: Մենք որոշեցինք անդրադառնալ վերջինիս գրառմանը:
Հարգելի՛ օգտատեր, եթե ծանոթանաք freenews.am կայքի սույն նյութի բովանդակությանը, ապա կտեսնեք, որ նյութի բովանդակության մեջ չկա որևէ խոսք այն մասին, որ Վիգեն Պապոյանը դպրոցական աշակերտ է, պարզապես նյութին կցված է նրա նկարը։ Միաժամանակ նյութում կա ինֆորմացիա, որ ցույցին մասնակցել են նաև դպրոցականներ։ Մենք ունենք ցույցի ընթացքից տեսանյութ, որն ապացուցում է, որ ցույցի մասնակիցների շարքում եղել են նաև դպրոցականներ։ Ավելին՝ Վիգեն Պապոյանը, պատասխանելով մեր լրագրողի այն հարցին, թե x անձնավորությունը ո՞ր դպրոցից է, նշել է, թե չգիտի՝ որ դպրոցից է, ինչն էլ հերքում չէ, այլ՝ հաստատում։ Այսինքն Վիգեն Պապոյանն ինքն է հաստատել, որ ցույցին մասնակցում են դպրոցականներ։ Ինչ վերաբերում է նրան, թե մեր լրագրողը մերժել է Վիգեն Պապոյանի տեսախցիկի առջև խոսելու առաջարկը, ապա նշենք, որ ի սկզբանե լրագրողն է նրան առաջարկել հարցազրույց տալ, բայց նա չի համաձայնվել, իսկ հետո Վիգեն Պապոյանն ու լրագրողը զրուցել են առանց տեսանկարահանման։ Freenews-ի լրագրողը զրուցել է աջակիցներից Լիլիթ Մովսիսյանի հետ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով հարցազրույցը չի հրապարակվել։ Ձեր ներկայացրած մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում, խնդրում ենք չխաղալ լրատվամիջոցի անվան հետ։
Կարծիքներ