Փաշինյան-Ծառուկյան ֆեյսբուքյան մենամարտը
Երեկ ԱԺ-ի թե ներսում, թե բակում ԼՀԿ-ն ակցիաներ իրականացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անվստահություն հայտնելու հարցապնդում էր ներկայացրել խորհրդարան: Նիստի ավարտին ընդդիմադիր ԲՀԿ-ն ևս միացավ նրանց: Սա փոքր-ինչ սրեց իրավիճակը և նախարար Արայիկ Հարությունյանը նիստի վերջում ելույթ ունենալիս, անդրադառնալով սեռական դաստիարակության թեմային, բաց տեքստով ասաց ԲՀԿ-ին, որ եթե ժամանակին ոմանք էլ սեռական դաստիարակություն ստացած լինեին, եկեղեցու բակում բռնաբարություն չէին կազմակերպի: «Այս չափորոշիչները մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և եկեղեցու տարածքում այլևս օտարի նկատմամբ սեռական բռնություն չի լինի»,-ասաց նախարարն ակնարկելով Գագիկ Ծառուկյանին վերագրվող հայտնի քրեական գործը:
Քիչ առաջ թեման շարունակելով գրառում է կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել է վարչապետը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անմասն չմնաց և հանդես եկավ պատասխան հրապարակմամբ. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Կարծես թե, արդեն ականատես ենք լինում խոստացված թեժ աշնանը:
Կարծիքներ