ԱՄՆ այցելած հայ գործարարները քննարկել են հայկական արտադրանքի ծավալների արտահանման մեծացմանը վերաբերող հարցեր
2022 թ. մայիսի 4-10-ը «Ամերիկա-Հայաստան գործարար կամուրջ» խորագրի ներքո կայացավ Հայ գործարարների պատվիրակության այցը Կալիֆոռնիա՝ Լոս Անջելես։
Այցը կազմակերպվել էր «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի, «Հայ-ամերիկյան գործարար խորհուրդ»-ի կողմից և տեղի էր ունենում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմը հովանու ներքո։
Այցի շրջանակներում գործարարների պատվիրակությունը մայիսի 5-ին այցելեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ հանդիպեց Գլխավոր հյուպատոսության անձնակազմի հետ։ Գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ն․ Սարոյանը ողջունելով գործարարներին, կաևորեց համանման այցերը, որոնք կոչված են խթանելու հայ-ամերիկյան գործարար կապերի զարգացումը, ԱՄՆ ներմուծվող հայկական արտադրանքի ծավալների մեծացմանը։ Ն․ Սարոյանը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին։
Մայիս 6-ին Գլենդեյլի քաղաքապետարանի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել էր հայ գործարարների պատվիրակության հանդիպումը Գլենդեյլի գործարար համայնքի, քաղաքապետարանի տնտեսական համագործակցության դեպարտամենտի հետ։ Հանդիպմանը ելույթներով հանդես եկան Գլենդեյլի քաղաքապետ Ա․ Քասախյանը, Կալիֆորնիայի սենատոր Է․ Պորտանտինոն, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վ․ Պահլավունին, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամներ Ա․ Նաջարյանը և Դ․ Բրոթմանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Գլենդեյլի կորեական և ֆիլիպինցի գործարար համայնքի ներկայացուցիչներ։
Մայիսի 8-ին Բրբանք քաղաքում՝ Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդարանի տարածքում բացվեց «Հայկական առևտրային» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացմանը ողջույնի ելույթներով հանդես եկան Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդ՝ արքեպիսկոպոս Հ․ Տերտերյանը, Գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ն․ Սարոյանը, Գլենդեյլի քաղաքապետ Ա․ Քասախյանը, «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի նախագահ Մ․ Մանուկյանը, «Հայ-ամերիկյան գործարար խորհուրդ»-ի նախագահը։ Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 3 տասնյակ հայ ատրադրողների ապրանքներ և ծառայություններ։
Մայիսի 9-ին Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդարանի՝ Սրբ․ Ղեվոնդաց եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ «Ամերիկա-Հայաստան գործարար կամուրջ» խորագիրը կրող համաժողովը։ Համաժողովին ելույթներով հանդես եկան Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վ․ Պահլավունին, «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի նախագահ Մ․ Մանուկյանը, «Հայ-ամերիկյան գործարար խորհուրդ»-ի նախագահ Ա․ Ղազարյանը, ամերիկահայ հեղինակավոր գործարարներ, մեքսիկա-ամերիկյան գործարար կառույցների ներկայացուցիչներ։
Մայիսի 11-ին տեղի ունեցավ հայ գործարար պատվիրակության հանդիպումը Լոս Անջելես մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարիա Սալինասի և պալատի ղեկավար կազմի հետ։ Հանդիպումը, որն ուներ աշխատանքային նախաճաշի ձևաչափ, տեղի էր ունեցել Լոս Անջելեսի քաղաքային ակումբում։
Հանդիպումը կազմակերպել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ Հանդիպմանը իր աջակցությունը և հովանավորությունն էր ցուցաբերել «Կորդոբա» կորպորացիայի կառավարող գործընկեր, «Արմենիա» հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանը։ Հանդիպմանը ելույթներով հանդես եկան Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վ․ Պահլավունին, Լոս Անջելես մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարիա Սալինասը, «Կորդոբա» կորպորացիայի կառավարող գործընկեր, «Արմենիա» հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանը, Հայ-ամերիկյան գործարար խորհուրդ»-ի նախագահ Ա․ Ղազարյանը։ Այնուհետև ներկայացվեց «Enterprise Armenia» կազմակերպության կողմից Հայաստանի ներդրումային գրավչությանը նվիրված կարճ տեսահոլովակ, ինչպես նաև ներկայացվեցին գործարար պատվիրակության կողմից ամերիկյան շուկայում ներկայացվող արտադրանքը։ Մասնակիցների միջև տեղի ունեցավ մտքերի փոխանակում։
Կարծիքներ