Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300-ի փոխարեն 350 ծառ է տնկվել
Երևանում այս տարի գարնանը նախատեսված էր փոխարինել շուրջ 400 ծառ: Աշխատանքների ընթացքում հատվեց 300 մանրատերև թեղի: Փոխարենը տնկվեցին 350 նոր ու ֆունկցիոնալ ծառեր՝ լրացնելով նաև նախկինում հատված կամ ընկած ծառերից հետո ազատ մնացած բնաբաժակները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, փոխարինված ծառերն ունեցել են տարբեր հիվանդություններ, ձևախեղված էին ու այլևս կենսունակ չէին: «Ամեն տարի տասնյակ ահազանգեր են ստացվում քամու հետևանքով ծառերի տապալման մասին: Կենսաբանության ոլորտի մասնագետները նշում են՝ սա խոսում է հենց ծառերի ոչ առողջ լինելու մասին:
Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումն ուղղված է նաև առողջացնելու քաղաքի կանաչ ֆոնդը: Իսկ նոր տնկվող ծառերը, մասնագետների խոսքով, պետք է ոչ միայն համապատասխանեն քաղաքի կլիմային, այլև ճարտարապետությանը:
Ծառերի փոխարինմամբ տնկվել են ձիակասկեր, սոսիներ, որոնք, ի դեպ, քաղաքային պայմաններում կարող են մինչև 2500 տարի ապրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևանում փոխարինման ենթակա ծառերը շարունակաբար գույքագրվում են, հստակ թիվ առայժմ չկա, սակայն կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը տարիների ընթացքում պետք է փոխարինվեն:
Նշվում է, որ ծառերի փոխարինումից հետո հատված փայտանյութը տեղափոխվում է Երևանի ջերմոցատնկարանային վարչություն, որտեղից էլ բաժանվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին:
Կարծիքներ