Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով այսօր նախաքննության ավարտ կհայտարարվի
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով այսօր նախաքննության ավարտ կհայտարարվի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղղարկել դատարան: Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին (թեև այն ի սկզբանե չի էլ եղել), քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։
Առնվազն այս հարցի համատեքստում Առուշ Առուշանյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»,-ասված է Ալեքսանյանի գրառման մեջ։
Գորիսի քաղաքապետը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելը), ՀՀ ՔՕ 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով), ՀՀ ՔՕ 38-154 հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը կազմակերպելը կամ օժանդակելը): Նա կալանքի տակ է գտնվում հուլիսի 16-ից:
Առուշանյանը փոխկապակցված է Քարահունջի համայնքապետի հետ առնչվող գործին:
Կարծիքներ