Նիդերլանդները դադարեցրել է AstraZeneca-ով պատվաստումը 60-ից ցածր տարիքի անձանց
Նիդերլանդները դադարեցրել է AstraZeneca-ով հակակորոնավիրուսային պատվաստումները մինչև 60 տարեկան անձանց՝ թրոմբոզի դեպքերի վերաբերյալ նոր տեղեկությունների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Երկրի առողջապահության, բարեկեցության և սպորտի նախարարությունը, փոխանցում է TASS-ը։
Խոսքը թրոմբոզի 5 դեպքի մասին է։ Դրանք գրանցվել են 25-65 տարեկան կանանց շրջանում, նրանցից մեկը մահացել է։
«Մենք պետք է զգուշավորություն դրսևորենք, այդ իսկ պատճառով խելամիտ է սեղմել դադարի կոճակը՝ որպես նախազգուշական միջոցառում»,-ասել է առողջապահության նախարար Ուգո դե Յոնգեն։
Նրա խոսքով՝ AstraZeneca-ով պատվաստումների դադարը կտևի մինչև ապրիլի 7-ը։ Սպասվում է, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը կներկայացնի այդ հարցով թարմ խորհուրդներ։
Երկրում հաջորդ շաբաթ ծրագրված մոտ 10 հազար հոգու պատվաստումը հետաձգվել է։
Ավելի վաղ այդ պատվաստանյութով ներարկումները դադարեցնելու որոշում էին ընդունել Գերմանիան (մինչև 60 տարեկան անձանց) և Կանադան (մինչև 55 տարեկան անձանց)։
Կարծիքներ