Ա. Սպենդիարյան 152. կոմպոզիտորի տուն-թանգարանում մշտական ցուցադրությունը վերաբացվել է նոր գեղարվեստական ձևավորմամբ
Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված` կոմպոզիտորի տուն-թանգարանում վերաբացվել է մշտական ցուցադրությունը՝ նոր գեղարվեստական ձևավորմամբ։
Միջոցառման բացմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է թանգարանի մշտական նոր ցուցադրության բարձր որակին, ինչը տեսանելի վկայությունն է տուն-թանգարանի ակտիվ մշակութային գործունեության:
Նախարարի տեղակալը նշել է, որ տուն-թանգարանը մշտապես աչքի է ընկել նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և հույս հայտնել, որ ապագայում ևս կհամալրվի տեխնիկական նոր բաղադրիչներով:
Ի հավելումն Ալֆրեդ Քոչարյանի խոսքի` թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշել է, որ այցելուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղում ունկնդրելու կոմպոզիտորի ջութակի ձայնը, մասնավորապես, Սպենդիարյանի «Վալս» ստեղծագործությունը՝ ջութակահար Կարեն Շահգալդյանի կատարմամբ։
Ցուցադրության հեղինակն է «Քուադրում» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր, ճարտարապետ Արև Սամուելյանը: Միջոցառման շրջանակում Արև Սամուելյանը տուն-թանգարանին է նվիրել իր պապիկին՝ մշակութային և հասարակական գործիչ Մարկ Պետրոսյանին գրած Սպենդիարյանի դուստր, թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովայի երկու նամակները:
Միջոցառմանը ներկա էին տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամները, անվանի արվեստագետներ և մտավորականներ։ «Մեղեդի» լարային քառյակի կատարմամբ հնչել են Սպենդիարյանի և այլ կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ։
Կարծիքներ