ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն այցելել է Արցախի Խրամորթ գյուղ, ծանոթացել ժամանակավոր բնակության վայրերին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 5-ին Արցախ այցի շրջանակում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազին, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին։
Այս մասին ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Արցախ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումները շարունակել եմ Գլխավոր դատախազությունում։ Հանդիպել եմ Արցախի Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, ով մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։ Այնուհետև այցելել եմ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում:
Օրվա ավարտին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ ուղևորվել ենք տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին, ջերմ զրույցներ ունեցել ընտանիքների հետ»,- ասվում է գրառման մեջ:
Կարծիքներ