Հայկական Կարմիր խաչի ընկերության 100-ից ավելի աշխատակից մասնակցել է փրկարարական աշխատանքներին
Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) աղետներին արձագանքման, առաջին օգնության և հոգեբանների թիմերը՝ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-ին «Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր՝ աջակցելու որոնողափրկարարական և քարամաքրման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության ցուցաբերելու առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն, տրամադրելու ջուր և սնունդ՝ իրականացնելու կառավարությանն աջակցող դերը մարդասիրական ոլորտում:
Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի աղետներին արձագանքման թիմը, ժամանելով Իջևանից, համալրեց դեպքի վայրում աշխատող ՀԿԽԸ թիմի կազմը:
Օգոստոսի 15-ին ժամը 11:00-ին նրանց շարքերը համալրել է նաև ՀԿԽԸ Վայոց ձորի մարզային մասնաճյուղի աղետներին արձագանքման թիմը:
Ընդհանուր առմամբ արձագանքման աշխատանքներում ներգրավված է ՀԿԽԸ 100-ից ավելի աշխատակից և կամավոր, այդ թվում՝ անձակազմի 10 անդամ, արագ արձագանման թիմի կամավոր 36 անդամ, 20 առաջին օգնող, 6 հոգեբան և 30 աջակցող կամավոր:
Արձագանքի 21 ժամերի ընթացքում, առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 90 անձի, որոնք ունեցել են վերջույթների վնասվածքներ, ծխահարություն, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 120 անձի՝ տուժածների հարազատներին, ընկերներին, քաղաքացիներին և փրկարարական աշխատանքներին մասնակցող կամավորներին:
Արագ արձագանքման ծառայությունների, ոստիկանության աշխատակիցներին, տարածքում գտնվող քաղաքացիներին տրամադրվել է ջուր (ավելի քան 500 շիշ), չոր սնունդ (ավելի քան 250 անձի) և դիմակներ` հորդորելով կրել և պահպանել անվտանգության կանոնները (1000 անձի):
Կարծիքներ