Կարծում եմ, որ մյուս շաբաթ դրա լուծման հեռանկարը կտեսնենք. Անդրանիկ Քոչարյանը՝ Ապրիլյանի հանձնաժողովի զեկույցի մասին
2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը 2020թ. նոյեմբերի 20–ին ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Սակայն այս պահի դրությամբ օրակարգային հարցերում այս զեկույցը չկա։
Ե՞րբ զեկույցը կմտնի նիստերի օրակարգ հարցին՝ NEWS.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Կարծում եմ, որ մյուս շաբաթ դրա լուծման հեռանկարը մենք կտեսնենք, որովհետեւ հիմա այնտեղ որոշվում է՝ գաղտնիության բաղադրիչը որքան է: Քննիչ հանձնաժողովն իր 97 էջանոց եզրակացությունն ուղարկել է ԱԺ նախագահին»։
Հարցին, թե հունվարի 18-ին մեկնարկող քառօրյա նիստերին կլինի՞ զեկույցը, Անդրանիկ Քոչարյանը չկարողացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ այդ հարցը պետք է պարզել Ազգային ժողովի նախագահից։
Հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավո՞ր է, որ այն ընդհանրապես չհրապարակվի, քննիչ հանձնաժողովի նախագահը նշեց, թե ինքը շատ է ցանկանում, որ զեկույցը հասանելի լինի բոլորին, որովհետեւ այնտեղ շատ հարցերի պատասխաններ կան:
Ինչ վերաբերվում է զեկույցի այս կամ այն մասի գաղտնի լինելուն, Քոչարյանն ասաց, որ այս մասով պատկան մարմինները պետք է իրենց եզրակացությունները տան:
«Պատկան մարմիններն են Պաշտպանության նախարարությունը, հետախուզական մարմինները: Նրանք նայում են, թե որ մասերը պետք է անջատել, որոնք՝ ոչ։ Հատկապես այս պատերազմից հետո, ես կարծում եմ, որ 2016 թվականի քառօրյա պատերազմի եզրակացությունն ամբողջությամբ պետք է հասանելի լինի բոլորին»,- ընդգծեց նա։
Հարցին, թե զեկույցում սենսացիաներ սպասվո՞ւմ են, հանձնաժողովի նախագահն պատասխանեց․
«Դա շատ լուրջ փաստաթուղթ է, այնտեղ սենսացիայի ետեւից որևէ մեկը չի գնացել, գնացել են փաստերի ետեւից: Սենսացիաներն ինձ համար երբեք կարեւոր չեն եղել, փաստերը եւ այն իրողությունները, որոնք հանգեցրել են այդպիսի արդյունքի 2016թ․-ին եւ եթե մենք դասեր քաղեինք, հետեւողական լինեինք՝ կարծում եմ, որ կարող է 2020 թվականի պատերազմում մենք որոշ բաներ հասցրած լինեինք շտկել»։
Հիշեցնենք՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2019թ․-ի մայիսի 31-ին՝ վեցամսյա ժամկետով, սակայն, նույն թվականի դեկտեմբերին հանձնաժողովի լիազորությունների ժամկետը եւս կես տարով երկարաձգվել էր: 2020թ․-ի հունիսին՝ մեկ տարվա աշխատանքներից հետո, քննիչ հանձնաժողովն ավարտել էր աշխատանքները, եւ նախատեսվում էր, որ աշնանը զեկույցը կհրապարակվի, բայց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների պատճառով զեկույցի հրապարակումը հետաձգվեց։
Ելնելով 44-օրյա պատերազմում գրանցած արդյունքներից՝ կարծիքներ են հնչում, որ պետք է այդ պատերազմի հանգամանքներն նույնպես ուսումնասիրել։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ եթե ԱԺ պատգամավորների որոշակի թվաքանակ ցանկանա, որ այդ հարցով քննիչ հանձնաժողով ստեղծվի, ուրեմն՝ կստեղծվի:
«Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով»,- նշեց նա։
Հարցին, թե որպես ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ երբեւէ մտածե՞լ է այս պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.
«Ուզում եմ, որ հիմա մենք դավաճանների փնտրտուքներից դուրս գանք եւ մեզ հասցված այս հարվածից հետո մտածենք ապագայի մասին եւ ինչպես կարող ենք վերականգնել անվտանգության համակարգի մեր բոլոր կարողությունները»։
Հստակեցնող հարցին, թե այսինքն նպատակահարմար չի՞ համարում այս պահին քննիչ հանձնաժողով ստեղծել, նա արձագանքեց․
«Այո, բայց դա չի նշանակում, որ պետք է քննիչ հանձնաժողով չլինի, որպեսզի ուսումնասիրի ամբողջ ծավալով մեր այն բացթողումները, որոնց գիտակցումը մեզ կբերի նրան, որ մենք ապագայում հատկապես Զինված ուժերի հնարավորությունները ինչ ուղղությամբ պետք է ապահովենք զարգացում թե՛ ռազմարդյունաբերական համալիրի, թե՛ զինված ուժերի, դրա կառուցածքի, բնույթի, հարվածային կարողությունների եւ ամենակարեւորը նրա ինտելեկտուալ կարողությունների ավելացմանը եւ կառավարելիության մակարդակի բարձրացմանը»։
Կարծիքներ