Երևան համայնքն ու բիզնես կառույցները կրթական ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր կիրականացնեն
Երևան համայնքն ու բիզնես կառույցները կրթական ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր կիրականացնեն. Երևանի քաղաքապետարանի, «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի ու «Բիզնես և կրթություն ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է եռակողմ հուշագիր:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ փաստաթուղթը ստորագրել են քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, հիմնադրամի տնօրեն Դավիթ Կարապետյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Ժամկոչյանը:
Ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Գործակցությունը հիմնական և միջնակարգ դպրոցների աշակերտներին նախնական և միջին մասնագիտական կրթության հնարավորություն կտա:
Մասնավորապես, կրթօջախներում նախատեսվում է ձևավորել առանձնացված խմբակներ, որտեղ աշակերտները հիմնական դասաժամերից հետո կկարողանան իրենց գիտելիքներն ու հմտությունները գործնականում փորձարկել մասնագիտական նախընտրելի ուղղություններով: Ծրագրով առանձնակի են կարևորվում գործարարական հմտությունները՝ հետագայում բիզնես ոլորտում գործունեություն ծավալելու համար:
Քայլեր կձեռնարկվեն նաև կրթական հաստատությունների ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի ամրապնդման, ինչպես նաև աշխատաշուկայում կրթական հաստատությունների շրջանավարտների մրցունակության բարձրացման ու որակավորված մասնագետներով ապահովման ուղղությամբ:
«Կրթության ոլորտում նախաձեռնվող ցանկացած նախագիծ ու ծրագիր կարևոր դերակատարում կարող է ունենալ ապագայի համար էլ ավելի կրթված ու մրցունակ կադրեր պատրաստելու հարցում: Իր լիազորությունների շրջանակում համայնքը կանգնած է բոլոր այն նախաձեռնությունների կողքին, որոնք ուղղված են աշխատաշուկային անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներով հարուստ կադրերի պատրաստմանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի ու «Բիզնես և կրթություն ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարներն իրենց հերթին նշել են, որ համայնքի հետ համատեղ ծրագրերի իրագործումը պարտավորեցնող է:
Կարծիքներ