Կապահովվի Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքը

Կապահովվի Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքը

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի ապահովման, Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխման համար Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերի վերազինման ու արդիականացման համար․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Ըստ հիմնավորման, Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, ինչպես նաև «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերի վերազինումը կարևոր դեր ունի դեպի Սևանա լիճ առավելագույն ջրաքանակ ապահովելու համար: Նշված հանգույցները շահագործվում են թունելի շահագործման օրվանից և կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել: Ֆիզիկապես և բարոյապես մաշված փականային հանգույցների և ջրի հաշվառքի սարքերի միջոցով իրապես հնարավոր չէ ճշգրիտ կերպով իրականացնել անհրաժեշտ ուղղությամբ ջրի պահանջվող հոսքերի կառավարում, որը ջրի ոչ ճիշտ հաշվառքի և, հետևաբար՝ ոչ նպատակային օգտագործման պատճառ է դառնում:

Վերջին տարիներին բազմիցս քննարկվել է վերջիններիս վերազինման հարցը, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով այն չի իրականացել: Ուսումնասիրություների արդյունքում պարզվել է, որ «Արփա-Սևան» թիվ 1 և թիվ 2 թունելներն իրար միացնող Եղեգիսի ջրանցույցի բետոնյա պատերը քայքայված են և ջրանցույցն իր բարձրությամբ, տարողությամբ չի համապատասխանում թունելով առավելագույն ջրաքանակի տեղափոխմանը: Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, ինչպես նաև «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերի վերազինումն ու արդիականացումն անհրաժեշտություն է:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում