Դեսպան Վահրամ Կաժոյանը հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի Թագավորության դեսպանին
Այսօր՝ նոյեմբերի 3-ին ՎՍՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպանությունում կայացավ (համատեղության կարգով) Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի (Vahram Kazhoyan) հավատարմագրերի հանձնման արարողությունը՝ ՎՍՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպան Չայ Նավուտին (H.E. Mr. Chay NAVUTH):
Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնումը նման ձևաչափով պայմանավորված էր COVID-19 համավարակի տարածման և Վիետնամ-Կամբոջա ցամաքային և օդային սահմանների փակ լինելու հանգամանքներով:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկու երկրների միջև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետագա զարգացման ու խորացման հնարավորությունները, ցեղասպանությունների կանխարգլման և COVID-19 համավարակի տարածման ու կանխարգելման խնդիրները, երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ստեղծումն ու ընդլայնումը և այլ հարցեր:
Դեսպան Նավուտը ողջունելով իր հայաստանյան գործընկերոջը, նշեց, որ Կաժոյանն առաջին ՀՀ դեսպանն է, որ հավատարմագրվում է Կամբոջայում և ասաց, որ հավատարմագրի բնօրինակն անմիջապես կուղարկվի Կամբոջայի Թագավոր Նորոդոմ Սիհամոնիին:
Հանդիպման ժամանակ դեսպան Կաժոյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավորություն կունենա անձամբ այցելելու Կամբոջայի Թագավորություն և հանդիպումներ ունենալու Կամբոջայի Թագավոր Նորոդոմ Սիհամոնիի, վարչապետի, ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Դեսպան Կաժոյանը հանդիպման ժամանակ առաջարկեց կնքել մի շարք փոխըմբռնման հուշագրեր երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Իր հերթին դեսպան Նավուտը տեղեկացրեց, որ Կամբոջան ընդունել է նոր օրենք օտարերկրյա ներդրումների վերաբերյալ, որը լայն արտոնություններ է տալիս օտարերկրյա ներդրողներին Կամբոջայում գործունեություն ծավալելու համար և խնդրեց այն տրամադրել ՀՀ գործարարներին և ներդրողներին՝ ծանոթանալու նպատակով:
Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և Կամբոջայի Թագավորության առաջին քարտուղար Օուկ Սերեյթորը (Ouk SEREYTHOR):
Կարծիքներ