4,5 միլիարդն ուղղված է ուսուցչի վարձատրության բարձրացման երեք նոր նախաձեռնություններին․Ժաննա Անդրեասյան
Շատ ենք խոսում, որ կրթության բյուջեն տարեցտարի ավելանում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Դրանում սովորաբար շեշտադրվում է կապիտալ ծախսերի մասնաբաժինը, բայց ոչ միայն։ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով կառավարությունը միայն ուսուցչի վարձատրության համար 2023 թվականին հաստատել է ավելի քան 8,5 մլրդ լրացուցիչ գումար։
Ընդ որում, այդ գումարներից շուրջ 4,5 մլրդն ուղղված է ուսուցչի վարձատրության բարձրացման երեք նոր նախաձեռնությունների՝
-բնագիտական առարկաների ուսուցիչների լրացուցիչ վարձատրությանը՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից,
– գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների լրացուցիչ վարձատրությանը,
– բազմահամակազմ դասարանների վերաձևավորմանը և նոր ձևով ֆինանսավորմանը առաջին փուլում Սյունիքի մարզում, որով բազմահամակազմ դասարան կձևավորվի միայն արվեստ և արհեստ, ֆիզիկական կենսագործունեություն բնագավառներում՝այդ դեպքում ուսուցիչների համար մեկ ժամի համար հավելյալ արժեք սահմանելով, մյուս բոլոր առարկաների համար ամեն դասարան առանձին դասավանդում կունենա, որն իհարկե կնշանակի նաև ժամաքանակի ու առարկայական ուսուցիչների ծանրաբեռնվածության և վարձատրության ավելացում։
Մնացած շուրջ 4 միլիարդն ուղղվելու է կամավոր ատեստավորման արդյունքներում հավելավճարների և բարձրացված դրույքաչափի վճարմանը։
Սա հաստատված կառավարության որոշում է, կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/38599/»,-նշել է փոխնախարարը։
Կարծիքներ