«Սուրմալուի» պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը քննարկվում է

«Սուրմալուի» պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը քննարկվում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը:

«Նախարարությունում այս պահին կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ։ Միջոցառման շահառուների հստակ շրջանակի, աջակցության ձևաչափի և այլնի մասին՝ կտեղեկացնենք լրացուցիչ, երբ ունենանք առավել հստակ պատկեր»,-ասաց Զառա Մանուչարյանը։

Հարցին, թե արդյոք կլինի նաև աջակցություն՝ պայթյունից տուժած տնտեսվարողներին, Զառա Մանուչարյանը տեղեկացրեց, որ այդ հարցը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակից դուրս է։

———————

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։

Փլատակներից դուրս է բերվել 16 դի, որոնցից մեկի ինքնությունը դեռ չի ճանաչվել։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․
2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում