Արդեն եղել ենք մի քանի ԱԹՍ-ներ արտադրող ընկերություններում․ Վահագն Խաչատրյան
Արդեն եղել ենք մի քանի արտադրողների մոտ, որոնք զբաղվում են ԱԹՍ-ներով, և երկուստեք պատրաստ ենք շատ սերտ համագործակցության։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։
«Մենք պատրաստ ենք սերտ համագործակցության մասնավորի հետ։ Պաշտպանության նախարարության եւ մեր նախարարության ներկայացուցիներն արդեն հանդիպել են ԱԹՍ-ներով զբաղվող ընկերությունների հետ եւ պատրաստ ենք զբաղվել իրենց բարձրաձայնած հարցերով։ Հիմնականում պատվերերի տեղադրման հետ են կապված, որովհետեւ, ի պատիվ այդ մարդկանց, այդ ութ ընկերություններն իրենք են կազմակերչպել ամբողջ նախապատրաստական փուլը։ Մի քանի ընկերություններ էլ գործնական փուլ են մտել։ Իմ տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է իր սպառազինության մեջ ներառել այդ արտադրանքը, եթե դրանք կարող են մատակարվել։ Իրենք ունեն գաղափար, իրականացնում են, հետագա զարգացումն արդեն կապված է պետության հետ՝ հանձինս մեզ եւ Պաշտպանության նախարարության։ Եթե համապատասխանում են պահանջներին, պայմանագիր է կնքվում»,- ասաց նա։
Ոլորտի հիմնական խնդիրներից նախարարն առանձնացրեց թվայնացումը եւ կիբերանվտանգությունը։
«Առանձնահատուկ խնդիր ունենք նաեւ ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված, որովհետեւ պետական ձեռնարկություններում մենք լուրջ խնդիրներ ունենք, որովհետեւ մենք պետք է զարկ տանք տեղական արտադրությանը»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը։
Կարծիքներ