Կառավարությունը 2,5 մլրդ դրամ կհատկացնի Երևանում ճանապարհների ասֆալտապատման, միջին նորոգման աշխատանքների համար
Կառավարությունը նախատեսում է 3 մլրդ 17 մլն դրամ գումար վերաբաշխել 2 ուղղություններով․ 2,5 միլիարդը կհատկացվի Երևան քաղաքի մի շարք թաղամասերում, տարբեր փողոցներում ասֆալտապատման, միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու համար, մասնավորապես՝ Աջափնյակ, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչալան շրջաններում:
Մի շարք վարչական շրջաններում՝ Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր և Դավթաշեն, Երևանի բյուջեով նախատեսված է նմանատիպ աշխատանքներ իրականացնել:
Այս մասին որոշման նախագիծը Կառավարության նիստի ներկայացրեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ որոշումն առնչվում է ընդհանուր առմամբ մոտ 27 փողոցի:
«Նախագծի երկրորդ մասով մեր ռենովացիոն ծրագիրը բավականին ակտիվ է ընթանում, և նախատեսված շահառուների թիվը շատ ավելի շատ է, քան բյուջեով նախատեսել էինք հատկացումները: Առաջարկում ենք 517 միլիոնը տեղափոխել այդ հատկացումների համար, որպեսզի կարողանանք իրականացնել դրանք բանկերի միջոցով: Մենք նախատեսել էինք 8000 շահառու, արդեն 13 հազար շահառու ունենք: Բավականին բարձր տեմպով ծրագիրն իրականացվում է, և այս 517 միլիոնը փոխանցում ենք այդ տողին»,- ասաց Սանոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ վերջին շրջանում շատ են քննարկվում Երևանի փողոցների հետ կապված խնդիրները, հարցն անգամ քննարկվել է խորհրդարանի հարցուպատասխանի ժամանակ: «Եվ ահա այս որոշումը կայացնում ենք՝ նաև Երևանին աջակցելու, որպեսզի այդ խնդիրը լուծվի»,- նշեց նա:
Կարծիքներ