Լավրովը ԵՄ-ին մեղադրել է ԱՄՆ-ին «ձայնակցելու» մեջ

Լավրովը ԵՄ-ին մեղադրել է ԱՄՆ-ին «ձայնակցելու» մեջ

Եվրամիությունն սկսեց «ակտիվորեն և հաճույքով ձայնակցել» ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովից հետո Վաշինգտոնի արտահայտած այն մտքին, որ հարաբերությունների բարելավման համար Մոսկվան պետք է իր վարքը փոխի: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Коммерсантъ» թերթում հրապարակված հարցազրույցում:

«(ՌԴ- ԱՄՆ –խմբ.) բանակցությունների ավարտից անմիջապես հետո Վաշինգտոնի կողմից հնչեցված նախկին, կարծրացած դիրքորոշումը շատ ցայտուն է, մանավանդ որ եվրոպական մայրաքաղաքները, բռնելով «մեծ եղբոր» տրամադրությունը, անմիջապես սկսեցին նրան ակտիվորեն ու հաճույքով ձայնակցել: Հայտարարությունների էությունն այն էր, որ իրենք պատրաստ են կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց նախ Մոսկվան պետք է փոխի իր վարքը», – ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հարկավոր է տեսնել, թե գործնականում ինչպես կընթանան ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև խարհրդակցությունները՝ Ժնևում ձեռք բերված համաձայնությունների առումով: Լավրովն ընդգծել է, որ նախքան ռուս-ամերիկյան բանակցությունները ԱՄՆ-ի և արևմտյան երկրների միջև տեղի ունեցած բարձր մակարդակով հանդիպումները (Մեծ յոթնյակի գագաթնաժողով, ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, ԱՄՆ-ԵՄ հանդիպումներ) տպավորություն են ստեղծում, որ Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում ընդհանուր մոտեցում է նախապատրաստվել:

«Այդ նիստերը մանրակրկիտ կերպով պատրաստվում էին այնպես, որպեսզի որևէ կասկած չլինի՝ Արևմուտքն ուզում էր, որ բոլորին պարզ լինի՝ այն միասնական է, ինչպես երբեք, և միջազգային արենայում անելու է միայն այն, ինչ ճիշտ է համարում, իսկ մյուսներին՝ առաջին հերթին Ռուսաստանին և Չինաստանին, ստիպելու է հետևել իր նախանշած ուղուն», – ասել է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում