«Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի հուշարձան-շենքում կիրականացվի մասնակի փոփոխում
Կառավարությունն ընդունեց որոշում, որով թույլատրում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Աբովյան փողոցի 58 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձան-շենքի ձախակողմյան հատվածի մասնակի փոփոխում: Որոշման հիմնավորման համաձայն, Աբովյան 58 հասցեում գտնվող հուշարձան-շենքը (ներկայում՝ «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոն) այժմ հնարավորություն չունի ապահովել ավելի շատ թվով զինվորների բուժումը, որոնց թիվն ավելացել է 44-օրյա պատերազմից հետո:
Ներկայիս շենքային ծավալների պայմաններում վերականգնողական տունը չի կարող ընդունել և բուժել հրատապ բուժման կարիք ունեցող բոլոր զինվորներին:
Հուշարձան-շենքում իրականացվելիք աշխատանքների շնորհիվ նախատեսվում է վերականգնել, նորոգել և ներսում վերահատակագծել հուշարձանը, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի պատերազմի ընթացքում վիրավոր և հաշմանդամ զինվորների հետագա բուժումն առողջապահական ժամանակակից չափորոշիչներին համապատասխան՝ լիարժեք կյանքին վերադառնալու նպատակով:
Կարծիքներ