Կալանավորվել է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյա
Բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եղանակով Երևան համայնքին 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպք:
ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2020 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով Ն.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարը, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախկին նախագահ Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նույն հանձնաժողովում ընդգրկված մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Ն.Տ.-ն 2015 թվականի հունվարի 14-ին աճուրդների փաթեթներին կցել է Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի երեք հողամասերի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը, որից հետո 2015 թվականի հունվարի 19-ին մի խումբ անձանց հետ կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները, որի արդյունքում նշված հողակտորները շուկայականից զգալի ցածր գներով ձևական աճուրդների միջոցով օտարվել են Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Այսպես, Ն.Տ.-ն և Երևանի քաղաքապետարանի գույքն օտարելու իրավասություն ունեցող պաշտոնատար այլ անձինք, ձևական աճուրդների միջոցով ընդհանուր 26.955 քմ մակերեսով Երևան քաղաքի Ավան, Աճառյան հասցեի հիշյալ հողակտորներն ամեն կերպ Ռուբեն Հայրապետյանի սեփականությունը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, այն է՝ Ն.Տ.-ն միջոցներ չի ձեռնարկել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների ինտերնետային կայքում (www.azdarar.am) Երևան քաղաքի Աճառյան փողոցի հողակտորներն աճուրդով օտարելու վերաբերյալ ծանուցում հրապարակելու ուղղությամբ։
Բացի այդ, Ն.Տ.-ն հրապարակային աճուրդներ կազմակերպելու պատրանք ստեղծելու նպատակով Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց` 2015 թվականի հունվարի 14-ին Երևանի քաղաքապետարան չներկայանալու պայմաններում, հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը կցել է փաթեթներին:
Այնուհետև աճուրդի անցկացման կարգին վերաբերող՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված պահանջների կոպիտ խախտմամբ՝ աճուրդի մասնակիցների բացակայությամբ, Ն.Տ-ն հանձնաժողովի անդամների հետ 2015 թվականի հունվարի 19-ին կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները։
Նշված կեղծ արձանագրությունների հիման վրա Երևանի քաղաքապետի որոշման հիմքով 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով խաթարվել են համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի օտարման բնականոն գործընթացները` 808.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասերն օտարվել են ընդամենը 169.820.910 ՀՀ դրամով, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
2020 թվականի հուլիսի 23-ին Ն.Տ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ