Կդիտարկվի Բելգիայից հաշմանդամություն ունեցող երեխաներին փառատոնին ներգրավելու հնարավորությունը

Կդիտարկվի Բելգիայից հաշմանդամություն ունեցող երեխաներին փառատոնին ներգրավելու հնարավորությունը

Մարտի 6-ին մեկնարկած ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի (CSW67) շրջանակում Նյու Յորքում գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաև Բելգիայում ֆրանսիական համայնքի փոխնախագահ, մշակույթի, լրատվամիջոցների, կանանց իրավունքների, երեխաների խնամքի և առողջության նախարար Բենեդիկտ Լինարդի հետ։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Կողմերը քննարկել են երեխաների հիմնահարցերի ոլորտում համագործակցության հնարավորությունները, մտքեր փոխանակել երկու երկրներում հասարակության տարբեր ոլորտներում երեխաների ներգրավվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Փոխնախագահը մասնավորապես հետաքրքրվել է Հայաստանում երեխաների հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի, խնամքի հաստատությունների գործունեության, մատուցվող ծառայությունների, ներառականության ապահովման և այլնի մասին։

Նախարար Նարեկ Մկրտչյանը ընդգծել է, որ նախարարության առաջնահերթություններից է երեխաների իրավունքների իրացման և նրանց մատուցվող ծառայությունների որակի բարելավման շարունակականությունը՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության գործընթացում պետության, ոլորտային ոչ պետական կառույցների, ինչպես նաև համայնքների փոխգործակցությունը։

Նախարարը խոսել է նաև Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» մշակութային խմբի մասին, որը մանկատան սաներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ հայկական երգարվեստին ու երաժշտությանը, այլև հանդես գալ որպես կատարողներ։

Գործընկերները կարևորել են նմանօրինակ նախաձեռնությունների դերը հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունների բացահայտման ու զարգացման գործում։

Բելգիայում ֆրանսիական համայնքի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում նախատեսվող «Ճախրուկ» միջազգային փառատոնին ապահովել իր մասնակցությունը և հավելել, որ կդիտարկվի Բելգիայից հաշմանդամություն ունեցող երեխաներին փառատոնին ներգրավելու հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում