Դա ընդամենը գաղափար է, որի դետալները կարող են փոխվել. Եղոյանը՝ զինծառայության ժամկետը կրճատելու մասին

Դա ընդամենը գաղափար է, որի դետալները կարող են փոխվել. Եղոյանը՝ զինծառայության ժամկետը կրճատելու մասին

Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին վարչապետի հայտնած միտքն ընդամենը գաղափար է, որ բարձրաձայնվել է հանրային քննարկում ծավալելու նպատակով, այն կարող է փոխվել, ինչի հետևանքով ընդհանուր բովանդակությունն էլ կարող է փոխվել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նա նախ հորդորեց՝ երբ բարձրաձայնվում է որևէ գաղափար, չներկայացնել որպես հաստատված ծրագիր: «Տարբեր գաղափարներ կարող են բարձրաձայնվել: Աշխարհում կան ամենատարբեր ձևի բանակներ՝ տարբեր տևողությամբ ծառայությամբ, տարբեր ինտենսիվությամբ, ինտերվալներով ծառայությամբ: Երբ ընդամենը մի գաղափար բարձրաձայնվում է, խնդրում եմ չդարձնել հաստատված ծրագիր, որը հենց վաղը պետք է կառավարությունում հաստատվի: Դա մի գաղափար է, որի դետալները կարող են փոխվել, ինչի հետևանքով ընդհանուր բովանդակությունն էլ կարող է փոխվել»,-ասաց պատգամավորն ու այդ մասին խոսելը դեռ շատ վաղ համարեց:

Նրա խոսքով՝ գաղափարը բարձրաձայնվել է նաև հանրային քննարկում ծավալելու նպատակով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Վայոց ձոր կատարած իր մարզային այցի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանը խոսել էր նաև զինծառայությունը գրավիչ դարձնելու ցանկության մասին: «Ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես պետք է փոխենք, մենք պետք է մտածենք, որ ժամկետային պարտադիր զինծառայության ժամկետը էականորեն կրճատենք: Տարբեր գաղափարներ կան, կքննարկենք, օրինակ կա գաղափար, որ լինի 5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն….»,-նշել էր վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում