Քաղաքացիներն ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնել ոստիկանության տարածքային բաժիններում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Արաբկիրի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» և զինամթերքի կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ ՀԱԱԳ վարչության ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։
Ըստ աղբյուրի՝ «Կալաշնիկով» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արտաշատի և Տավուշի բաժիններում։
«Տարբեր տեսակի հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Արթիկի, Աշտարակի և Կումայրիի բաժիններում։ Ոստիկանության Ապարանի և Նաիրիի բաժիններում էլ արձանագրվել են տարբեր տեսակի ատրճանակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ