Անդրադարձ է կատարվել բժշկական գաղտնիքին, կենսաբժշկական հետազոտությանը․ դասընթաց
Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակում մեկնարկել են Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների հիմնական սկզբունքների վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթացները՝ նպատակաուղղված Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքների և եվրոպական էթիկայի սկզբունքների մասին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների իրազեկության բարձրացմանը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացներում ներգրավված առողջապահության ոլորտի մասնագետների կարողությունների և հմտությունների ամրապնդմանը:
Միջոցառումը, որը նախաձեռնել է Եվրոպայի խոհրդի երևանյան գրասենյակը, անցկացվում է հիբրիդային ձևաչափով:
Ողջույնի խոսքով հանդես են եկել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել ոլորտի օտարերկրյա բազմաթիվ փորձագետներ: «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի ներկայացումից հետո անդրադարձ է կատարվել բժշկական գաղտնիքին, կենսաբժշկական հետազոտությանը, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ համավարակի ազդեցությանը մարդու իրավունքների վրա, ինչպես նաև առողջապահական գրագիտությանը, արտակարգ իրավիճակներում առողջության հետ կապված իրավունքներին, վերարտադրողական առողջության իրավունքներին, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստմանը:
Թեմատիկ յուրաքանչյուր զեկույցին հետևել են հարց ու պատասխաներ։
Կարծիքներ