Լեհաստանը պատրաստակամ է աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը. ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, ՀՀ ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ։
«Փոխնախարար Պշիդաչն իր հերթին ընդգծել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ներկայումս ԵԱՀԿ նախագահող երկիր և թե՛ որպես Եվրամիության անդամ երկիր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է հայ-լեհական բազմոլորտ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամությունը։
Կարծիքներ