Հարուցվել է քրեական գործ՝ Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցած կրակոցների առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցած կրակոցների առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը), 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների մաքսանենգությունը) հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ այսօր Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 13-ին՝ ժամը 00:50-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա.Հովհաննիսյան փողոցում կան արյան հետքեր, կրակված փամփուշտներ և ավտոմեքենա:

Նույն օրը «Հերացի» 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացիներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ  գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հիշյալ փողոցի հարակից տարածքներից հայտնաբերվել և վերցվել են 19 կրակված պարկուճ, 2 կրակված գնդակ և 1 փամփուշտ, ինչպես նաև հայտնաբերվել են արնանման հետքեր: Հայտնաբերվել է նաև «Porsche» մակնիշի ավտոմեքենա՝ կրակված գնդակի հետևանքով առաջացած վնասվածների հետքերով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ էին հնչել Երևանում և կան վիրավորներ: Դեպքի վայրում հայտնաբերվել էր արյան հետքեր, 18 տեղից կրակված մեքենա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում