Ոստիկանության ծառայողները Երևանի բնակչի ավտոտնակում հայտնաբերել են ապօրինի ինքնաձիգ ու զինամթերք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները փետրվարի 24-ին օպերատիվ ճանապարհով տեղեկություններ են ստացել, որ Խաղաղ Դոնի փողոցի բնակիչներից մեկը ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հիշյալ ստորաբաժանման և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, 36-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5․45 մմ տրամաչափի՝ 45 և 7․62 մմ տրամաչափի 40 փամփուշտով։
«Տղամարդը ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել»,- հայտնել են ոստիկանությունից՝ հավելելով, որ քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ