«Կարծիքների անկեղծ փոխանակում». ԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսել են առևտրային բանակցությունները
Ջո Բայդենի նախագահության ընթացքում առաջին անգամ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Քեթրին Թայը բանակցություններ է վարել Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ երկու երկրների միջև առևտրային վեճի վերաբերյալ, գրում է DPA International-ը:
«Կողմերի միջև տեղի է ունեցել կարծիքների անկեղծ, պրագմատիկ և կառուցողական փոխանակում», - հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը:
ԱՄՆ-ում ևս բանակցությունների վերաբերյալ նմանատիպ գնահատական է հնչել: Նահանգներում ընդգծել են «կողմերի միջև անկեղծ զրույցը»:
Նշվում է՝ դիվանագիտական լեզվով բառերի այսպիսի ընտրությունը սովորաբար ցույց է տալիս, որ քննարկումների ընթացքում կողմերի միջև տարաձայնություններ են առաջացել:
Հիշեցնենք՝ Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային վեճը շարունակվում է արդեն 3 տարի: Կողմերի վերջին շփումը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսին՝ ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին:
Անցյալ հունվարին ԱՄՆ-ն և Չինաստանը մասնակի համաձայնության էին եկել առևտրային համաձայնագրի, այսպես կոչված, առաջին փուլի վերաբերյալ, որով դադարեցվել էր երկրների միջև առևտրային վեճի սրումը: Այս համաձայնագիրը պետք է վերանայվեր յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ դրա կատարումը վերահսկելու համար:
Այս համաձայնագրով Չինաստանը պարտավորվել է զգալիորեն ավելացնել Միացյալ Նահանգներից ներմուծումը: Պեկինը պահանջում է նաև, որ ԱՄՆ-ն վերացնի «պատժիչ» սակագները, որոնք սահմանել էր Թրամփը:
Կարծիքներ